ԱԽ քարտուղարը Լիտվայում ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները

ԱԽ քարտուղարը Լիտվայում ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և Ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:

Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները:

Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը: Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսին իր հերթին ներկայացրել է Լիտվայի կիբերանվտանգության համակարգը:

Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և  շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար:

Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է իր պատրաստակամության մասին՝ կիսվելու հայկական կողմի հետ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում