Կին զինծառայողներն ունեն առաջխաղացման խոչընդոտներ․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինն իրականացրել է ուսումնասիրություն, որի նպատակն է պաշտպանել (protect) և խթանել (promote) զինված ուժերում կանանց իրավունքները: Հայաստանի Զինված ուժերում խտրականության արգելքի երաշխավորումը, կին զինծառայողների իրավունքների ապահովումն ու նրանց կարգավիճակի ու դերի բարձրացումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններից է:
Նախ, օրենսդրությունը հիմնականում սեռով պայմանավորված չեզոք (gender-neutral) է, սակայն հստակ երաշխիքների պակասը (նաև բացակայությունը) բերում է նրան, որ գործնականում ոչ միշտ են հաշվի առնվում սեռային առանձնահատկությունները Զինված ուժերում: Սա կին զինծառայողներին հաճախ է կանգնեցնում խոչընդոտների առջև: Օրենքը պետք է լրացուցիչ երաշխիքներ նախատեսի զինվորական ծառայություն անցնող կանանց համար:
Չնայած ՊՆ և ԳՇ իրավասու ստորաբաժանումները կին զինծառայողների իրավունքների ապահովման ուղղությամբ կատարել են որոշակի աշխատանք, այդուհանդերձ կան օրենսդրական խոչընդոտներ, որոնք Զինված ուժերում հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարումների՝
1) Թեև Հայաստանում կանայք կրթությամբ չեն զիջում տղամարդկանց՝ Զինված ուժերում կին զինծառայողների տոկոսային հարաբերակցությունը՝ տղամարդ զինծառայողների համեմատությամբ, բավական ցածր է: Այս մասին են վկայում նաև Պաշտպանության նախարարության տվյալները: Զինված ուժերում ներգրավվածության փորձի բացակայության պարագայում կանայք ավելի քիչ են հնարավորություն ունենանում արտահայտելու իրենց կարծիքը անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Շատ ժամանակ նրանք ներգրավված չեն զինվորական ստորաբաժանումներում որոշումների կայացմանը:
2) Դրանից բացի, հասարակությունում կա կարծրատիպային վերաբերմունք կին զինծառայողների նկատմամբ, և կանայք բավարար կերպով ներկայացված չեն զինվորական բարձր պաշտոններում: Ավելին՝ կին զինծառայողները հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային կազմի և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է: Կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և առանձնազրույցների ընթացքում մեզ հայտնել են հենց կին զինծառայողները:
3) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի տալիս երեխայի խնամքի համար արձակուրդի ժամանակահատվածը հաշվի առնել հերթական զինվորական կոչում շնորհելու համար: Սա այն խոչընդոտներից է, որի պատճառով կին զինծառայողները բավարար ներկայացված չեն բարձր պաշտոններում և հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից: Բացի այդ, նշված սահմանափակման հետևանքով կին զինծառայողները կարող են կանգնել մի կողմից՝ ընտանիք և երեխաներ, մյուս կողմից՝ աշխատանք և աշխատանքում առաջընթաց ունենալու երկընտրանքի առաջ:
4) Զինվորական օրենսդրությամբ առկա չեն խրախուսական նորմեր այն կին զինծառայողների համար, ովքեր ունեն մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդից օգտվելու հնարավորություն, սակայն ծառայելու նպատակով այդ արձակուրդից իրենց ցանկությամբ չեն օգտվել:
5) Հղի կին ծառայողների համար հատուկ հանդերձանք նախատեսված չէ: Մինչդեռ, հղի կանանց համազգեստի հարմարավետության տեսանկյունից, հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, ճիշտ կլինի նրանց համար նախատեսել հատուկ համազգեստ:
6) Որևէ իրավական ակտում հրապարակված չեն, թե որոնք են կանանց համար հասանելի զինվորական հաշվառման ենթակա մասնագիտությունները, ինչը խոչընդոտ է կանանց համար զինվորական հաշվառման նպատակով դիմելու և հետագայում զինվորական ծառայություն անցնելու համար:
7) Կանանց զինվորական ծառայության խրախուսման տեսանկյունից կարևոր կլինի նաև ընդհանրապես ընտանեկան կյանքի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդրության վերանայումը: Օրինակ՝ համատեղ ծառայության բավարար օրենսդրական երաշխիքներ առկա չեն զինծառայող և քաղաքացիական ծառայող, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսինների համար: Միևնույն ժամանակ, առկա չեն օրենսդրական երաշխիքներ պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում նույն զորամասում քաղաքացիական հաստիք զբաղեցնող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ ծառայության նոր վայր տեղափոխելու, ինչպես նաև տարբեր համակարգերում ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում մյուս ամուսնուն հնարավորին մոտ զորամասում ծառայության տեղափոխելու վերաբերյալ:
8 ) Նախատեսված չէ նաև զինծառայողին մինչև վեց ամիս ժամկետով վերապատրաստման գործուղելու դեպքում զինծառայող հանդիսացող նրա ամուսնուն (կնոջը) նրա հետ գործուղելու կամ դրա անհնարինության դեպքում՝ չվճարվող արձակուրդ տրամադրելու հնարավորություն: Ամուսինները ստիպված են ընտրություն կատարել՝ կամ հրաժարվել վերապատրաստման գործուղումից, կամ վերապատրաստման գործուղման ժամանակահատվածում բնակվել առանձին կամ վերապատրաստման գործուղվող զինծառայողի ամուսինը (կինը) ստիպված է ազատվել զինվորական ծառայությունից, որպեսզի ամուսնու (կնոջ) հետ միասին բնակվի:
Վերը նշված խնդիրները տարիներ շարունակ բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես տարեկան հաղորդումներով, այնպես էլ Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի հետ քննարկումների ժամանակ: Անհրաժեշտ է անհապաղ իրագործել նշված առաջարկները: Այս ամենից զատ անհրաժեշտ է նաև հանրային իրազեկումներով բարձրացնել կնոջ դերը Զինված ուժերում (օրինակ՝ ավելացնել կանանց զինվորական առօրյան լուսաբանելու թիվը), փոխել մտածողությունը հրամանատարական մակարդակներում և այլն: Այս հայտարարությամբ ներկայացված առաջարկները կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, խմբակցություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն:
Կարծիքներ