ՀՀ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց չկա. Վահան Քերոբյան
Կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Նա տեղեկացրեց, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը. կապ չունի, թե երբ է ներմուծվել, միևնույն է, սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք «մտցնել»։ Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից», - ընդգծեց Վահան Քերոբյանը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ վեց ամիս ժամկետով:
1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ:
Կարծիքներ