G7-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա
Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են մոտ ապագայում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել՝ կապված Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Մենք արդեն աշխատում ենք G7-ի հետ պատժամիջոցների նոր փաթեթի վրա»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում՝ չհստակեցնելով, թե ինչ միջոցներ կարող են քննարկվել։ Թրասը նշել է, որ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները նպատակ ունեն թուլացնել ռուսական տնտեսությունը։
Թրասը հավելել է, որ իրենց գործողություններով արեւմտյան երկրները մտադիր են Ռուսաստանի ղեկավարությանը զրկել իրենց պատերազմական մեքենան ֆինանսավորելու հնարավորությունից։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կարծիք է հայտնել, որ G7-ի պատժամիջոցների ճնշման արդյունքում ռուսական տնտեսությունն արդեն «լուրջ տուժել է»։ Միաժամանակ նա կոչ է արել մյուս երկրներին միանալ Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներին։
Կարծիքներ