30-ից 50 տոկոսով բարձրացել է Լոռու մարզի դպրոցների կամավոր ատեստավորմանը մասնակցած 25 մանկավարժի աշխատավարձը

30-ից 50 տոկոսով բարձրացել է Լոռու մարզի դպրոցների կամավոր ատեստավորմանը մասնակցած 25 մանկավարժի աշխատավարձը

 Լոռու մարզպետարանը 2022 թվականի 1-ին կիսամյակում շարունակել է իրականացնել իր ենթակայության ներքո գործող 149 հանրակրթական դպրոցների  ֆինանսատնտեսական գործունեության սպասարկման, համակարգման և վերահսկողության աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

2022 թվականի առաջին կիսամյակում Լոռու մարզի դպրոցների ֆինասավորումը կազմել է  շուրջ 3.9 միլիարդ դրամ:

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքում 30-50 տոկոսի չափով  բարձրացել է մարզի դպրոցներում աշխատող 25 մանկավարժի աշխատավարձը: Հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նրանց լրացուցիչ վճարելու համար տրամադրվել է մոտ 3.4 միլիոն դրամ: 2022 թվականի մայիսի 1-ից բարձրացել են նաև նշված մանկավարժների դրույքաչափերը՝ սահմանվելով 200.000 դրամ։ Արդյունքում հունվար-հունիս ամիսներին նրանց լրացուցիչ  վճարվել է 6 միլիոն 105 հազար դրամ։

Այն ուսուցիչները, որոնք անցել են կամավոր ատեստավորում, իրենց հավաքած միավորներով պայմանավորված՝ կարող են ստանալ հավելավճար իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով: Մայիսի 1-ից օրենսդրական փոփոխության արդյունքում ատեստավորման նվազագույն շեմը հաղթահարած ուսուցիչների դրույքաչափն ավտոմատ դարձել է 200.000 դրամ, և տվյալ ուսուցչի կողմից կատարվող լրացուցիչ աշխատանքների համար ստացվող բոլոր հավելավճարները, որոնք հաշվարկվում են դրույքաչափի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, հաշվարկվում են 200.000-ի հաշվարկով: Օրենքը նաև հետադարձ ուժ ունի, նախկինում ատեստավորում անցած ուսուցիչներին այն ևս վերաբերվում է:

«Ատեստավորման արդյունքում որակավորման տարակարգ ստացած մանկավարժներին հավելավճարի տրամադրում» ծրագրի շրջանակներում 284 մանկավարժի այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում լրացուցիչ վճարվել է 10-20 տոկոսի չափով հավելավճար: Ծախսը 6 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 16 միլիոն 600 հազար դրամ:

«Մանկավարժների և դպրոցական երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» ծրագրով 210 աշակերտի և 684 մանկավաժի հատկացվել է մոտ 28 միլիոն դրամ՝ բնակության վայրից այլ բնակավայր՝  սովորելու կամ աշխատելու մեկնելու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար: Վերոհիշալ ծրագրի մեջ Լոռու մարզում ներառված է 121 դպրոց:

Պետական աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի շրջանակներում հաստատվել և ամփոփվել են մարզպետարանի և մարզպետարանին ենթակա 150 ՊՈԱԿ-ների  ծախսերի նախահաշիվները, սահմանված կարգով վարվել է մարզպետարանի շահառու հանդիսացող աշխատակիցների էլեկտրոնային շտեմարանը, տրամադրվել է մեթոդական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրից օգտվում են ավելի քան 4200  աշխատակիցներ, ֆինանսավորումը կազմել է մոտ 136 միլիոն դրամ:

 Տարվա ընթացքում իրականացվել են մարզային նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման և շահագործման ֆինանսավորման աշխատանքներ՝ շուրջ 60 միլիոն 900 հազար դրամի չափով: Կապիտալ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներին տրամադրվել է ավելի քան  480 միլիոն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 2021 թվականի սուբվենցիաների վճարումների և հաշվառման հետ կապված աշխատանքներ, 2022 թվական տեղափոխված ծրագրերի պայմանագրերի և համաձայնագրերի կազմման աշխատանքներով պայմանավորված՝ ֆինանսավորվել են 344 միլիոն դրամի սուբվենցիոն աշխատանքներ, որոնցից 21 ծրագիր ամբողջությամբ, 3-ը՝ մասամբ:

2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է ավելի քան 1 միլիարդ 368 միլիոն դրամ՝ նախորդ տարվա շուրջ 1 միլիարդ 98 միլիոն դրամի դիմաց. 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ցուցանիշն այս տարի աճել է 124.6 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում