Ժապավենով փակել են Գյումրու տիկնիկայինի մուտքը, փորել՝ հիմքերը. անակնկալի եկած տնօրենը չեղարկել է այսօրվա ներկայացումը
Այսօր առավոտյան Գյումրու տիկնիկայինում աշխատանքային օրը ոչ մշակութային էր: Սովորական ժամին աշխատանքի եկած տնօրենին ու աշխատակիցներին անակնկալի են բերել իրենց կառույցի փորված և փորվող հիմքերն ու սահմանազատիչ ժապավենով մուտքի փակ լինելը:
Տնօրեն Արմենուհի Մանուկյանը «Հայկականն ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ փորձել է պարզել, թե ով կամ ովքեր են տարածքում նման աշխատանքներ իրականացնում, ինչ հիմքով, և ինչու առանց իրենց զգուշացնելու:
«Մոտեցա շինարարներին, հարցնում եմ ով է թույլ տվել: Կանչեցին մի երիտասարդի, նա էլ ասաց թույտվություն ունենք ոստիկանությունից: Բայց ասում եմ Գյումրու համայնքապետարանից կա՞ թույլտվություն, ասում է հա, մի 10 րոպեից թուղթը կհասնի տեղ: 10 րոպեից նույն երիտասարդը բերում է այդ թուղթը, հետն էլ Ղանդիլյան Արթուր անուն-ազգանունով անձին: Երկու փաստաթուղ են բերել, մեկով քաղաքապետարանին խնդրել են, որ տարածքում սալիկապատման աշխատանք կատարելու թույտվություն տան իրենց, մյուսն էլ համայնքապետարանի թույտվությունն էր»,-պատմեց Մանուկյանը:
Տիկնիկայինի տնօրենի մատնանշած Արթուր Ղանդիլյանը Գյումրու «Ցայգ» հը սեփականատեր, լուծարված «Շիրակ» հանրային հռը ընկերության նախկին տնօրենն է, որն այս գործում հանդիսանում է «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենտ» ՍՊԸ ընկերության լիզոր ներկայացուցիչը:
Ինչու է Ղանդիլյանը համայնքապետարանից ստացել սալիկապատման իրավունք, փոխարենը մեկ մետրից ավել փորել Գյումրու տիկնիկայինի հիմքերը:
Մեզ հետ զրույցում ասաց, արդեն դիմել են համայնքապետարան, նաև այդ իրավունքը կունենան: Նախկին դիմումը արագ են գրել, չեն մանրամասնել, թե սալիկապատումից զատ էլ ինչ աշխատանքներ են ուզում իրականացնել տարածքում:
«Արագ գրեցինք, որ պարեկային ծառայությունը տեղյակ լինի, մեր աշխատանքային մեքենաներին, որոնք գալիս-գնում են, չտուգանի: Ու էլ չնշեցինք էդ մանրամասները: Հիմա փորում ենք, որովհետև լուրջ գործ ունենք անելու»,-ասաց Ղանդիլյանը:
Փորվում է տարածքը հոսանքի գիծ անցկացնելու նպատակով, որը սնուցելու է հարակից «Ալեքպոլ»-ը՝ նախկին «Չեչիլ»-ը: Ղանդիլյանն ասում է նախագիծ ունեն, լուրջ գործ են անում: Ու քանի որ փորում են, ըստ նրա, Գյումրու համայնքապետարանն էլ խնդրել է, միանգամից Աբովյան փողոցի լուսավորության հարցն էլ կարգավորեն: Մի հոսանքի աղբյուր էլ այդ նպատակով անցկացնել՝ օդային ճանապարհով էլկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու համար:
Տարածքում նաև կոյուղատար համակարգ կա, դա էլ են ուզում մի փոքր տեղաշարժել: Բոլոր աշխատանքները «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենտ»-ը միտք ունի ավարտել առավելագույնը 10 օրում: Ամբողջ այդ ժամանակահատվածում տիկնիկայինը կմնա առանց հանդիսական, ինչպես այսօր:
Արմենուհի Մանուկայնն ասում է, դեմ չէ, որ Գյումրիում լավ աշխատանքներ են կատարվում, սակայն չի կարելի անել այդ ամենն՝ արհամարհելով դիմացիցին, հատկապես, երբ խոսքը մշակույթի մասին է, պետք է զգույշ լինել:
«Պատկերացրեք մեր վիճակը, երբ գալիս ենք, ու մեր դուռը փակված է ժապավեններում, մուտքը քանդված է ու ներս մտնելու հնարավորություն չկա: Որևէ մեկը պատկերացնում է, սա ինչ է նշանակում: Արհամարհա՞նք մանկան թատրոնի ու մշակույթի նկատմամբ: Այսինքն ոնց ուզեն, էդպես անեն, առանց մեզ տեղեկացնելո՞ւ:
Մենք այսօր ներկայացում ունեինք, հանդիսականն էլ գյուղից էր, աբոնեմենտային մեր հերթական հանդիպումն էր երեխաների հետ լինելու: Ստիպված զանգել, ներողություն եմ խնդրել, ասել եմ, որ չգան: Դա մեծ վնաս էր և թատրոնի հեղինակությանը, և նաև մարդիկ տրանսպորտ են վարձում, երեխաներին տեղափոխելու համար: Մենք մեծ վնասների առաջ կանգնեցինք»,-տեղեկացրեց Մանուկյանը:
Ղանդիլյանն ասում է թատրոնի տնօրենի վրդովմունքը կապված է այն հանգամանքի հետ որ տեղյակ չի եղել իրականացվող աշխատանքից և դուռը ժապավենով կապված է տեսել առավոտյան միայն: Նաև նշում, թեև Մանուկյանին տեղյակ պահելու գործառույթն իրենը չէ, այլ համայնքապետարանինը, այդ պարագայում էլ չի կարծում, որ դա պարտադիր պայման էր: Վստահ ընդգծում է՝ լավ գործ ենք անում: 300 քմ տարածք իրենց ուժերով սալիկապատելու են:
Ի դեպ, այս աշխատանքները կավարտվեն, սակայն հոկտեմբերին նորերը կսկվեն: Արթուր Ղանդիլյանի նախաձեռնությամբ, ամբողջ Աբովյանն է քանդվելու: «Այդ տարածքին համահունչ քարե գորգ ենք ունենալու, շատ գեղեցիկ ծրագիր է, «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենտ»-ի հետ ենք անելու»,-տեղեկացրեց Արթուր Ղանդիլյանը:
Նշենք, որ «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենտ»-ը և «Ալեքպոլ»-ը՝ նախկին «Չեչիլ»-ը պատկանում են ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանին, որի հետ Ղանդիլյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունի և հանդիսանում է ընկերության լիազորված ներկայացուցիչը:
Կարծիքներ