ՄԻՊ-ն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների և անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրներին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆին։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
«Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է տիկին Գրիգորյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու կապակցությամբ։ Մանդատների ընդհանրությունները հաշվի առնելով՝ պարոն Շկոլնիկովը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին իր գործունեության շրջանակներում և առավել խորացնելու համագործակցությունը, որը, ի թիվս այլնի, ուղղված կլինի նաև Պաշտպանի հաստատության կարողությունների զարգացմանը։
Պաշտպան Գրիգորյանը Վլադիմիր Շկոլնիկովին ներկայացրել է իր մանդատի շրջանակներում առանձնացված առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրներին։
Այնուհետ Կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները և պատրաստակամություն հայտնել մեկտեղելու ջանքերը՝ դրանք հասցեագրելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ