Գերմանիայի նախագահը բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել կորոնավիրուսի պատճառով խիստ սահմանափակումների երկարաձգմանը
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը բնակիչներին կոչ է արել պատրաստ լինել կորոնավիրուսի համավարակի պատճառով խիստ սահմանափակումների եւս մի քանի շաբաթի: Նա այս մասին հայտարարել է հարության տոնի առիթով ARD եւ ZDF հեռուստաալիքներով հեռարձակված հեռուստաուղերձում:
«Հիմա մենք համավարակի երրորդ ալիքի կեսին ենք գտնվում: Այն բեկելու համար անհրաժեշտ են բոլորի ջանքերը: Առաջիկա շաբաթները կպահանջեն հետագա ծանր սահմանափակումներ»,- հայտարարել է Շթայնմայերը: Նրա խոսքով՝ համավարակը ճնշելու համար արդեն շատ բան է արվել, տեղ են գտել նաեւ սխալներ, մասնավորապես թեստավորելիս եւ պատվաստելիս:
Գերմանիայի նախագահը միաժամանակ բոլորին կոչ է արել մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավին, որը թափ է հավաքում, փոխանցում է DW-ն:
«Ես վստահում եմ բոլոր, շեշտում եմ՝ Գերմանիայում թույլատրված բոլոր պատվաստանյութերին: Պատվաստումը համավարակից դուրս գալու ճանապարհին կարեւորագույն քայլ է. օգտագործե՛ք այդ հնարավորությունը»,- հավելել է Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Պետությանհ ղեկավարը շեշտել է նաեւ երկրում ստեղծված վստահության ճգնաժամի հաղթահարման կարեւորությունը: «Եկեք չզայրանանք շրջապատողների կամ նրանց վրա, ովքեր այնտեղ՝ վերեւում են: Ցույց չտանք շարունակ, որ չի ստացվում, այլ հակառակը` որ ստացվում է, երբ յուրաքանչյուրը կատարում է իր մասը (պարտականությունները - խմբ.): Սա ինձ համար կարեւոր է, երբ ես խոսում եմ վստահության մասին: Քանի որ ի վերջո ժողովրդավարության պարագայում վստահությունը ոչ այլ ինչ է, քան վստահություն ինքներս մեր հանդեպ»,- նշել է Շթայնմայերը:
Կարծիքներ