Նիդեռլանդներն անվտանգության ոլորտի պայմանագիր է կնքել Պաղեստինի հետ
Նիդեռլանդները Պաղեստինի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու Պաղեստինի անվտանգության հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ըստ Նիդեռլանդների կառավարության հայտարարության՝ այդ նախաձեռնության շրջանակներում երկրները կիրականացնեն տեղեկատվության փոխանակում ահաբեկչության, փաստաթղթերի և ինքնության հավաստագրերի կեղծման դեմ պայքարի, ինչպես նաև որոնողափրկարարական գործողությունների բնագավառներում։ Նիդեռլանդները նաև ցանկանում է վերապատրաստել Պաղեստինի անվտանգության հատվածի մի խումբ կանանց՝ օպերատիվ արձագանքման ծառայությունների կազմի համար:
Փաստաթուղթը ստորագրել են Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը և Պաղեստինի ներքին գործերի նախարար Զիյադ Հաբբ ար Ռիխը։
«Մենք ուսումնասիրում ենք տարբեր նախաձեռնություններ… Որովհետև Պաղեստինի անվտանգության ուժեղ հատվածն իր ավանդն ունի կայունության, անվտանգության և կայուն խաղաղության բնագավառում», - նշել է Օլոնգրենը:
Նիդեռլանդները նաև մասնակցում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Պաղեստինի անվտանգության հատվածի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում ոստիկանության և ուժային ծառայությունների աշխատակիցների վերապատրաստմանը:
Կարծիքներ