ՆԱՏՕ-ն հայտարարել է առաջին սեփական հետախուզական դրոնները շահագործելու պատրաստակամության մասին
ՆԱՏՕ-ն հայտարարել է իր առաջին սեփական հետախուզական դրոնների շահագործման պատրաստակամության մասին: Ամերիկյան արտադրող Northrop Grumman-ի մոտ 15 մետրանոց հինգ AGS RQ-4D «Phoenix» անօդաչու թռչող սարքերը կարեւոր դեր կխաղան ցամաքային պարեկության եւ հետախուզության մասով, հայտնել է Բելգիայի Մոնս քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի Գերագույն հրամանատարությունը: Դրոնները ստեղծվել են ամերիկյան Global Hawk ԱԹՍ-ների հիմքով, սակայն փոփոխվել են` Հյուսիսատլանտյան դաշինքի կարիքների բավարարման համար, փոխանցում է DW-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով` նոր դրոններն ի վիճակի են ավելի քան 30 ժամ մնալ օդում եւ տարբեր օբյեկտներ նույնականացնել, մասնավորապես` պայթուցիկ սարքեր: Դրանք ի վիճակի են ընդգրկել ամբողջ Եվրատլանտյան տարածաշրջանը` «Հեռավոր Հյուսիսից մինչեւ Սահել, Մերձավոր Արեւելքից մինչեւ Ատլանտյան օվկիանոս»,- ասել է Ստոլտենբերգը: Անօդաչու թռչող սարքերի օգտագործման հավանական տարածքները դաշինքի արեւելյան եւ հարավային սահմաններն են, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Գերմանիայի կառավարության տվյալներով` հինգ դրոնների արժեքը մոտ 1.3 միլիարդ եվրո է: Այդ գումարի մոտ մեկ երրորդը տրամադրել է Գերմանիան: Բացի այդ, բունեսվերի շուրջ 120 զինծառայող կմասնակցի հետախուզական դրոնների օգտագործման համար Nato AGS Force ծրագրին: Դրանցից ավելի քան 80-ը տեղակայված են Սիցիլիայի Սիգոնելլա ռազմաբազայում, որտեղ եւ գտնվում են անօդաչուները:
Կարծիքներ