«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ կներկայանանք աշխարհին. Վահան Քերոբյան

«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ կներկայանանք աշխարհին. Վահան Քերոբյան

«Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսն այն եզակի հարթակներից է, որը կարող է մեր հայկական ընկերությունների համար բացել միջազգային շուկաներ տանող նոր ու մինչ այս անհասանելի թվացող դռներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

 

«Կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում կներկայացնենք մեր երկիրը, մշակույթը և ներդրումային ներուժը, իսկ հայկական ընկերությունները կօգտվեն աշխարհին հայկականը ներկայացնելու և միջազգային գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունների լայն շրջանակից։

 

Այս քայլով մենք, իհարկե, նպաստելու ենք երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։

 

Ցուցահանդեսի ընթացքում ունենալու ենք «Made in Armenia» քառօրյա ցուցահանդես, որին մասնակցելու ենք «էթնոթեք»՝ էթնիկ+տեխնիկական կոնցեպտով. հնի ու նորի այս հետաքրքիր համադրությամբ էլ ներկայանալու ենք աշխարհին»,- գրել է Քերոբյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում