Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված երեք հումանիտար հրադադարի՝ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտման հանգամանքի վրա: ԱԽ քարտուղարը ընդգծել է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա  Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությունը, ինչը դրսևորվում է Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությամբ, հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ-ահաբեկչներ հավաքագրմամբ ու տեղափոխմամբ, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու կոչերով։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խոր արմատներ ունեցող բարեկամությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործում Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ներդրած ջանքերը, ինչպես նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Արցախ:

Դեսպան Լաքոտը վերահաստատել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում