«Իմ քայլի» պատգամավորները հանդիպել են Արցախի «ԱԺԿ» խմբակցության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Գեղամ Ստեփանյանի հետ:
Լիլիթ Մակունցը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, ընդգծել է Արցախի նորընտիր խորհրդարանի քաղաքական ուժերի հետ տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը, միասնական աշխատանքային օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը:
Խմբակցության ղեկավարը նաև կարեոր է համարել երկու երկրների խորհրդարանականների միջև ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում քննարկման առարկա են դառնում բազմաբնույթ հարցեր:
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը խոսել է Արցախի երիտասարդության առջև ծառացած խնդիրներից, շեշտադրել է նրանց համար ուսումնառության և աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը:
Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի բուհական համակարգին, կարևորել բուհերի դասավանդման գործընթացում որակյալ մասնագետների ներգրավումը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարևոր ձեռքբերում է համարել այն հանգամանքը, որ այսօր շատերը ցանկանում են իրենց զինվորական պարտքը կատարել Արցախի Հանրապետությունում, ինչն, ըստ նրա, նաև անվտանգային խնդրի լուծում է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմաթիվ այլ հարցերի:
Կարծիքներ