Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայի նախկին վարչապետ, այժմ՝ Հավրի քաղաքապետ Էդուար Ֆիլիպի և նախկին նախարար, այժմ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուոյի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում Ադրբեջանի կազմակերպած ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Էդուար Ֆիլիպը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պատվիրակության անդամներին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, այդ թվում՝ 2020 թ. Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը:
Կարծիքներ