ՀՀ-ն խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ. ԱԽ քարտուղար
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, բացի այդ, ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ճգնաժամի դեպքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր՝ Գրիգորյանն ասաց՝ հնարավոր է, եթե Ադրբեջանը դրան դրական արձագանքի: Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Մենք խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել երաշխավորների ինստիտուտ: Այսինքն՝ թե միջազգային կազմակերպության, թե պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի: Եվ այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը: Բացի դրանից, մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի՝ հնարավոր միջազգային ինչ-որ դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ, ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը, ապա դիմենք միջազգային դատարան»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմից ներկայացրած առաջարկներում կա՞ Լեռնային Ղարաբաղին ուղղակի կամ անուղղակի առնչվող կետ, որով կարող է հանգուցալուծում լինել՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ դա բանակցության հարց է։ «Երբ բանակցությունները տեղի ունենա, հարցը վերջնական կհասկանանք»,- ասաց Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը:
Կարծիքներ