ԵՄ խորհուրդն անհրաժեշտ է համարում զբաղվել Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր չլուծված հումանիտար խնդիրներով. Շառլ Միշել
ԵՄ խորհուրդն անհրաժեշտ է համարում զբաղվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հումանիտար բոլոր չլուծված խնդիրներով:
Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո։
Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական քայլերի կարևորությունը՝ վստահություն ստեղծելու և խաղաղ համակեցություն ապահովելու համար։
Նա նշել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը՝ ասելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ձեռնարկմանը։
Ըստ Միշելի, ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև հումանիտար ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվություն տրամադրել և մեծացնել ֆինանսական օգնությունը, ինչպես նաև աջակցել հակամարտություններից տուժած բնակչությանը, զբաղվել վերականգնման և վերակառուցման խնդիրներով:
Միշելը նաև հայտարարել է, որ միասին որոշել են սկսել հստակ գործընթաց խաղաղության բանակցությունների և դա հավաստող հավանական խաղաղության պայմանագրի համար:
«Ես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթներին կստեղծենք կայուն կապ հաղորդակցման համար: Դժվար է կանխատեսել, թե երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը: Ես չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, բայց զգում եմ, որ կա ընդհանուր ցանկություն առաջընթացի համար»,- նշել է Միշելը։
Հիշեցնենք, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Փաշինյանը, Միշելն ու Ալիևը Բրյուսելում ևս մեկ հանդիպում էին ունեցել նախորդ տարեվերջին, դեկտեմբերի 14-ին, ինչին հաջորդել էր նաև Փաշինյանի ու Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը:
Կարծիքներ