Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը

Մայա Սանդուն ստանձնել է Մոլդովայի նախագահի պաշտոնը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նոյեմբերին կայացած համապետական ընտրություններում վերընտրվելուց հետո պաշտոնապես ստանձնեց իր երկրորդ նախագահական ժամկետը։ Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Քիշնևի հանրապետական պալատում, որտեղ ներկա էր շուրջ 500 հյուր։

 

«Խոնարհությամբ և վճռականությամբ եմ ստանձնում այս մանդատը»,- հայտարարեց Մայա Սանդուն։

Նա երդվեց ուժերն ու գիտելիքները ներդնել Մոլդովայի բարգավաճման համար, պահպանել երկրի սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել ժողովրդավարությունը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իր ելույթում Սանդուն ընդունեց, որ չորս տարի առաջ՝ առաջին ժամկետի սկզբում, խոստացել էր զգալիորեն բարելավել մոլդովացիների կյանքը, սակայն երկրին վրա հասած ճգնաժամերը՝ համավարակից մինչև Ուկրաինայում ընթացող պատերազմ, խոչընդոտել են այդ նպատակների իրագործմանը․

«Մենք ականատես եղանք ժամանակակից աշխարհում անհնարին թվացող ողբերգությունների և դաժան գործողությունների։ Այս դժվարին պայմաններում մենք մնացինք միասնական, պահպանեցինք խաղաղությունն ու պաշտպանեցինք ժողովրդավարությունը արտաքին սպառնալիքներից։ Շնորհակալ եմ ձեզ հայրենասիրության, քաջության, միասնականության և առատաձեռնության համար։ Մենք կարող ենք հպարտանալ, որ, չնայած բոլոր դժվարություններին, կանգնած ենք պատմության ճիշտ կողմում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում