Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք. նախարարությունը հորդորում է պատվաստվել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք. նախարարությունը հորդորում է պատվաստվել

Արցախում ապրիլի 20-ին կատարված 131 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 6 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 835 քաղաքացու հետազոտություն, որոնցից 734-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան»,- հայտնում են Արցախի առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով  հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Նախարարությունից միաժամանակ նշում են, որ Արցախում ապրիլի 19-ից մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի՝  պատվաստման համար դիմել կամ զանգահարել Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն»,- իրազեկում են գերատեսչությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում