Լյուքսեմբուրգի ԱԳ Նախարարն ընդունել է Հայաստանի դեսպանին
Փետրվարի 11-ին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ընդունել է Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին: Նախարար Ասելբորնին հանձնելով ՀՀ ԱԳՆ նախարար Արա Այվազյանի ուղերձը՝ դեսպան Բալայանը երախտագիտություն է հայտնել Արցախի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ Լյուքսեմբուրգի դրսևորած սկզբունքային կեցվածքի համար։
Նախարար Ասելբորնը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ և վերահաստատել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, պատերազմի պատճառների և հետևանքների վերացման վերաբերյալ իր մոտեցումները։ Նա նաև տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի կառավարությունը քննարկում է պատերազմից տուժածներին հավելյալ աջացություն ցուցաբերելու հնարավորությունը։
Դեսպան Բալայանը նախարար Ասելբորնին ներկայացրել է Արցախում ստեղծված ներկա իրավիճակը, անդրադարձ կատարել տարածաշրջանային մարտահրավերներին և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հրատապ խնդիրներին՝ երախտագիտություն հայտնելով լյուքսեմբուրգյան կողմին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացած Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում արծարծված հարցերի համատեքստում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։
Կարծիքներ