Սիրիայի քրդերը նշել են, որ պատրաստ են դիմադրել Թուրքիայի հնարավոր հարձակումներին

Սիրիայի քրդերը նշել են, որ պատրաստ են դիմադրել Թուրքիայի հնարավոր հարձակումներին

Սիրիայի հյուսիսում գտնվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ  Սիրիայի քրդերը պատրաստ են դիմադրել, եթե Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն սկսի և զորք մտցնի Սիրիայի  տարածք։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մազլում Աբդին հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նա ընդգծել է, որ իրենք  նման հարձակումներին դիմակայելու համար  պատրաստվում են դեռ 2019 թվականից։

«Մենք կարծում ենք, որ հասել ենք այնպիսի մակարդակի, որ կարող ենք խափանել ցանկացած նոր հարձակում: Նվազագույնը թուրքական ուժերը չեն կարողանա գրավել նոր տարածքներ, և մեծ ճակատամարտ կլինի: Եթե Թուրքիան հարձակվի որևէ շրջանի վրա, ռազմական գործողությունները կտարածվեն այլ շրջաններում, և այս ամենից մարդիկ կտուժեն »,- ասել է Մազլում Աբդին։

Նոյեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ Թուրքիան  «քրդական զինված ահաբեկչական խմբավորումների» դեմ ցամաքային ռազմական գործողություն կսկսի «երկրի համար ամենահարմար պահին» (խմբ.-նկատի ունի Թուրքիայի համար հարմար պահին)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում