Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվել է Ալավերդի. ինչ է դրանում ներառված
Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։
Իր խոսքում Դավիթ Ներսիսյանը նախ ցավակցություն է հայտնել ուղղաթիռի վթարից Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ, որից շատ չանցած ՀՀ Լոռու մարզում տեղի է ունեցել սարսափելի բնական աղետը։
Նա խորհրդանշական է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետին, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, առաջիններից մեկն արձագանքել է հենց Իրանի Կարմիր մահիկը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել տուժածներին։։
«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա ևս մեկ անգամ փաստում է երկու հարևան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, անդավաճան մնալով իր սկզբունքներին, վերահաստատում է երկկողմ գործակցության կարևորությունը և հույս հայտնում ավելի լայն շրջանակի ներառման՝ հարաբերությունների սերտացման համար։ Մենք համոզված ենք, որ տարիների ընթացքում ձևավորված կապն առավել մեծ գաղափարներ կարող է կյանքի կոչել՝ ի նպաստ երկու կազմակերպությունների շահառուների։ Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, և հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարևոր է, քանի որ մեզ համար գերագույն արժեքը մարդն է»,-ասել է Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից կարեկցանք ու ցավակցություն հայտնելով Լոռու մարզում աղետի հետևանքով տուժած անձանց՝ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, հայ ժողովրդին Իրանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ կարեկցանքի և ցավակցության համար։
Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան և հանդիպումները երկրի հոգևոր առաջնորդի և նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ նշելով, որ դրան զուգահեռ ՀՀ նախագահը, խորհրդարանի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու մեծաթիվ քաղաքացիներ այցելեցին Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցեցին։
Դավիթ Ներսիսյանը, բարձր գնահատելով ցուցաբերված մարդասիրական աջակցությունը, ՀՀ-ում Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներին հանձնել է ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալներ։
Ինչպես հայտնում են ՀԿԽԸ-ից՝ իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի և սանիտարական հավաքածուներ և այլն։
Կարծիքներ