Արցախի Ազգային ժողովը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը

Արցախի Ազգային ժողովը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն իր և խորհրդարանի անունից ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավորների՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որը 2020 թ աշնանային պատերազմի սկզբից ի վեր ցուցաբերվում է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն «խոսում», այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում