Համագործակցության հուշագիր ՔԿԾ-ի և «Ուրարտու» համալսարանի միջև․ համալսարանի շրջանավարտները պրակտիկա կանցնեն ՔԿՀ-ներում
Հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Այս մասին տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը։
Հուշագիրը ստորագրել են ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը և համալսարանի ռեկտոր, հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը:
Հուշագրի գլխավոր նպատակը քրեակատարողական համակարգի հոգեբանների և սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստումն ու վերաորակավորումն է համալսարանի ներուժի միջոցով: «Ուրարտու»-ի շրջանավարտներն իրենց հերթին հնարավորություն են ստանալու պրակտիկա անցնելու քրեակատարողական հիմնարկներում:
Համոզված լինելով, որ սոցիալական, իրավաբանական և կլինիկական հոգեբանությունը մեծ ազդեցություն ունի ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազեցման հարցում, Քրեակատարողական ծառայությունը կարևորում է նմանատիպ ծրագրերի ու նախաձեռնությունների խթանումը:
Կարծիքներ