Հունգարիայում դիմակ կրելու պարտավորությունը չեղարկվում է
Հունգարիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից հանում են հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը, ինչպես նաև մի շարք այլ սահմանափակումներ, որոնք սահմանվել են կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված։ Վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գույաշի խոսքով՝ Հունգարիայի կառավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ «բնակչության հաջող վերահսկողության և պատվաստումների շնորհիվ համաճարակի հինգերորդ ալիքը նահանջում է»։
«Երկուշաբթի օրվանից դիմակ կրելու պարտավորությունը չեղարկվում է հասարակական տրանսպորտում, խանութներում, առևտրի կենտրոններում, փոստային բաժանմունքներում, թատրոններում, կինոթատրոններում, թանգարաններում, ինչպես նաև սպորտային մրցումների ժամանակ»,- ասվում է կառավարության կայքում ։ «Սննդի աշխատողներից նույնպես չի պահանջվի դիմակ կրել»։
Բացի այդ, վերացվում են բացօթյա միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումները։ «Կանոնը, ըստ որի գործատուները կարող են իրենց աշխատակիցներից պահանջել պարտադիր պատվաստումներ կատարել, վերացվում է», - ավելացրել է Գույաշը, որը Հունգարիայի կառավարությունում նախարարի կոչում ունի։
Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ կշարունակի բոլորին պատվաստանյութեր տրամադրել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հունգարիայում, որի բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն մարդ, գրեթե 7 միլիոն քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նրանցից մոտավորապես 4 միլիոնն արդեն վերապատվաստվել է։ Երկրում կիրառվում են մի քանի տեսակի պատվաստանյութեր:
Հունգարիայում համաճարակի ժամանակ ավելի քան 1,8 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով, ավելի քան 44 հազարը մահացել է։
Կարծիքներ