Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շուրջ 400 դպրոցականների համար։ Յուրաքանչյուր օր կանցկացվի 3 վարպետաց դաս, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն հայկական մանրանկարչության, գույների ստացման մասին գիտելիքներ: Բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով քննարկումներ տեղի կունենան մասնագետի հետ: Գործնական հատվածում երեխաները կունենան մագաղաթով, հատուկ ծառատեսակից պատրաստված թղթով աշխատելու հնարավորություն և կգունազարդեն զարդագիր տառը որդան կարմիրից պատրաստված կարմիր ներկով։
Ծրագրի շրջանակում դպրոցներին կտրամադրվի մագաղաթի օրինակ, որը կարող է ծառայել որպես նմուշ՝ դպրոցներում նման վարպետաց դասեր կազմակերպելու ժամանակ։
Նշենք, որ այս վարպետաց դասը նպատակային է նաև ուսուցիչների համար, քանի որ քննարկման ժամանակ մասնագետը անդրադառնում է այն հարցերին և խնդիրներին, որոնց ուսուցիչները բախվել կամ կարող են բախվել հաղորդումը՝ որպես դասընթացը լրացնող գործիք օգտագործելու դեպքում։
Այսպիսով, ծրագրի շրջանակում աշակերտները և ուսուցիչները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու անցյալի արժեքներին, ուսումնասիրելու հայկական ձեռագրական արվեստը, հայկական մանրանկարչությունն ու ներկերը։
Այս ձևաչափով դասընթացները կրթական գործընթացները դարձնում են առավել հետաքրքիր և խթանում երեխայի ինքնաարտահայտումը, ստեղծագործ մտքի զարգացումը, հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը: Հանդիսանալով օժանդակող գործիք՝ այն կարող է համալրել և բազմակողմանի դարձնել դպրոցական դասընթացը։
Կարծիքներ