Ռոմանոս Պետրոսյանը և Ա. Մազմանյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության հետ առցանց հանդիպմանը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության հետ առցանց հանդիպմանը։ Այս մասին հյատնել են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Ն. Պորտերը, Հայաստանում ԱՄՀ առաքելության մշտական ներկայացուցիչ Մ. Ռաիսսին։
ԱՄՀ-ն Հայաստանի հետ ունի երկարամյա համագործակցություն։ Երկրի անկախությունից ի վեր Հիմնադրամը Հայաստանին է տրամադրել ֆինանսական, տեխնիկական, ինչպես նաև խորհրդատվական աջակցություն։
2019 թվականին մեկնարկել է և ներկայումս ԱՄՀ աջակցությամբ Հայաստանում իրականացվում է ծրագիր, որի հիմնական նպատակն է մակրոտնտեսական կայունության պահպանումը և ավելի բարձր ու ներառական աճի խթանումը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2022 թ. մայիսին։
Հադիպմանը քննարկվել են Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
«Կլիմայական օրակարգն այսօր առաջադեմ երկրների թիվ մեկ խնդիրն է դարձել։ Մեկ-երկու շաբաթից Գլազգոյում կմեկնարկի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը` #COP26-ը, որին Հայաստանը պատրաստվում է մասնակցել ամենաբարձր մակարդակով. հայաստանյան պատվիրակությունն արդեն ձևավորված է, ընթացքի մեջ են վերջին տեխնիկական հարցերը։Նախատեսված են մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ ու քննարկումներ պատվիրակությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Կլիմայի փոփոխությունը նաև մակրո-կրիտիկական խնդիր է Հայաստանի համար և այդ խնդիրն ամրագրված է նաև մեր Կառավարության 5-ամյա գործունեության ծրագրում։ Շրջակա միջավայրի նախարարությունն այդ օրակարգի շրջանակում ամենաբարձր մակարդակներում շփումներ է իրականացնում Կանաչ կլիմայի հիմնադրամի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և մեր մյուս գործընկերների հետ»,- առցանց հանդիպման ողջույնի իր խոսքում նշել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարը նաև անդրադարձ է կատարել այս տարվա ամռանը, որը վերջին հարյուրամյակի, առհասարակ, հայկական հիդրոօդերևութաբանության կանխատեսումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգն էր, որի ընթացքում Հայաստանը և հայ հասարակությունն առերեսվեցին մի շարք խնդիրների՝ այդ թվում և նախաերաշտային սակավաջրության խնդրին։
«Դա կարևոր ազդակ էր մեր երկրի համար՝ լուրջ ձեռնարկներ ուղղելու կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության քաղաքականությանը»,-նշել է նախարարը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կլիմայական քաղաքականության շրջանակի այլ հարցերի, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում ռազմավարության առաջնահերթություններին։
Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության կլիմայական օրակարգի շուրջ ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածի։
Կողմերն անդրադարձել են փոխադարձ գործընկերային կապերի զարգացմանը և համագործակցության խորացմանը նպաստող ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությանը:
Կարծիքներ