ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմին ֆինանսական աջակցություն ցուցաբերած բոստոնահայ քույր ու եղբայր Մարի և Սարգիս Աղասարգսյաներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ֆիլմի նկարահանմանն աջակցելու համար՝ կարևորելով հետագա համագործակցության կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում:
«Անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման» 2023-2027 թվականների ռազմավարությունը, որի հիմքում ընկած են ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը: Մեր նպատակն է մշակութային միջոցառումներն ու իրադարձությունները, որոնք անցկացվում են հիմնականում Երևանում, տեղափոխել նաև մարզեր: Արդեն իսկ նախաձեռնել ենք մի քանի փառատոներ, որոնք տեղի են ունեցել մարզերում: Այսկերպ մենք փորձում ենք ակտիվացնել մարզերի և համայնքների մշակութային կյանքը, խթանել տնտեսության և զբոսաշրջության զարգացումը: Ուրախ կլինենք համագործակցել, ինչպես նաև իրականացնել համատեղ միջազգային միջոցառումներ, որոնք կարող են լավ հարթակներ դառնալ մեր երկրի համար»,- նշել Ժաննա Անդրեասյանը:
Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակում մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը. նախանշվել են համագործակցության նոր հնարավորություններ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ընթացիկ այլ հարցերի և համատեղ ծրագրերի:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 11-ին Կինոյի տանը կայացել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան և Վիվյեն Բաստաջյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներ` Վիվյեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:
«Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու և արվեստագետի մասին, ինչպես նաև գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Այն մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել և սիրել, եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով:
Կարծիքներ