«Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն պարզ ճշմարտության հետ, որ ՀՀ-ն օրենքի երկիր է»․ ՔՊ-ի և Կոմկուսի հայտարարությունները

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրած Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցությունը քաղաքի համայնքապետարանի պաշտոնական էջով հայտարարությամբ դիմել է մեր երկրում հավատարմագրված դեսպաններին՝ պնդելով, թե Հայաստանի իշխանությունը Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացնում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում։
Կոմկուսի կարծիքով՝ այդպիսի ազդակ է պարունակում Ազգային ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի հայտարարությունը: Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, թե կողմ է միութենական պետության կազմ մտնելուն, վարչապետն ասել էր, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտել քաղաքական ու հանրային դաշտից»:
Կոմունիստական կուսակցությունը կարծիք է հայտնել, որ սա նշանակում է՝ կյանքի, ֆիզիկական գոյության նկատմամբ սպառնալիք։ Կոմունիստները Ղուկասյանի, այսպես կոչված, հետապնդման առիթով հիշատակել են նաև Փարաքար համայնքի ղեկավարի սպանությունը՝ սա ազդակ համարելով բոլոր ընդդիմադիր քաղաքապետներին։
Վարդան Ղուկասյանին սատարող հայտարարությամբ է հանդես եկել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը:
Հայտարարություններին արձագանքել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Դեսպաններին դիմելու կապակցությամբ ընդգծվում է՝ «Վարդան Ղուկասյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել այն անհերքելի պարզ ճշմարտության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը օրենքի երկիր է, ինքնիշխան և, որ «դրսից մեր երկրի վրա մարդ բերելու» իր իմացած ձևերը վաղուց տեղ չունեն մեր երկրում»:
ՔՊ խմբակցությունն անբարոյականություն է անվանում Փարաքարի համայնքապետի սպանությունը շահարկելը, երկու ընտանիքների դժբախտությունը քաղաքական նպատակներով օգտագործելն ու սպանությունը գործող իշխանության հետ կապելը:
«Որպես քաղհալածյալ ներկայացող Վարդան Ղուկասյանը ինքն իր, առավել ևս գյումրեցիների հետ պետք է ազնիվ լինի և հիշի, որ այն քրեական գործերը, որոնցով ինքն անցնում է, նախաձեռնվել են դեռ 2019 թվականին»,- ասվում է հայտարարությունում:
Անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցությանը՝ ՔՊ-ն հիշեցնում է՝ Վարդան Ղուկասյանն ընտրված համայնքապետ չէ, այլ նրանց ու այլ ավագանիների ընտրության հետևանքով է զբաղեցնում այդ պաշտոնը:
«Գյումրու ավագանու այս խմբակցությունը ճիշտ կանի հանգիստ սպասի իրենց համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու գործի քննության ավարտին»,- նշվում է հայտարարությունում:
Կարծիքներ