Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդակներ է պարունակել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ երբեմն որոշակի քաղաքական ազդակներ է կապել հագուստի գույնի հետ և նշել, որ իր համար կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո «նոր ժամանակ է սկսվում»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մերկելն այդ մասին ասել է շաբաթ օրը հրապարակված «Suddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Նա նկատել է, որ չի պատրաստվում իր հագուստը տալ թանգարաններին։
«Դրանք պարբերաբար տանում են կարիքավորների համար օգտագործված հագուստի հավաքման կետեր: Ես հագուստս թանգարանին չեմ տալիս»,-ասել է Մերկելը:
Կանցլերը նաև բացատրել է, թե ինչու է միշտ խուսափել «միգրացիոն ճգնաժամ» արտահայտությունից: «Այո, դա այդպես է։ Ես սկզբունքորեն խուսափում եմ այս բառից (այն գերմաներեն մեկ բառ է), քանի որ փախստականն ինձ համար ոչ թե ճգնաժամ է, այլ մարդ»,- շեշտել է նա։
Մերկելը նշել է, որ, իր կարծիքով, անօրինական ներգաղթյալների հոսքի հետ կապված թույլ տված սխալները արվել են 2015 թվականի աշնանից՝ միգրացիոն ճգնաժամի գագաթնակետից շատ առաջ։
Մերկելը ցավ է հայտնել, որ երկրում քաղաքական կլիման ավելի կոշտ է դարձել: «Երբ ես դարձա կանցլեր, դեռ սմարթֆոններ չկային: Facebook-ը գոյություն ուներ մեկ տարի, իսկ Twitter-ը ստեղծվեց մեկ տարի անց: Մենք ապրում ենք ամբողջովին փոխված մեդիա աշխարհում, և քաղաքական կլիմայի փոփոխությունը նույնպես կապված է դրա հետ»,-ասել է նա:
Սպասվում է, որ Գերմանիայի նոր կառավարությունը կձևավորվի դեկտեմբերի սկզբին։ Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Մերկելին և նրա կաբինետի նախարարներին կհանձնի նրանց իրավասությունների ավարտի վկայականները:
Կարծիքներ