Փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին նվիրված իրանական ցուցահանդես
«Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» (DoubleTree by Hilton Hotel Yerevan City Centre) հյուրանոցում փետրվարի 17-18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափներին վերաբերող իրանական ցուցահանդեսը՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ցուցահանդեսում կներկայացվեն Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների ադդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական արդյունաբերությունը և այլն։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանի արտահանման և ներդրումների կենտրոնի կողմից՝ փետրվարի 16-19-ը ԻԻՀ նախագահի աշխատակազմի Նորարարության և բարգավաճման հիմնադրամի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում։ Պատվիրակության կազմում են իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը Երևան է ժամանել Հայաստանի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների հետ առևտրատնտեսական ոլորտին վերաբերող հանդիպումներ ունենալու նպատակով։
Հրավիրում ենք Հայաստանի գործարար համայնքի շահագրգիռ ներկայացուցիչներին այցելել ցուցահանդեսը, որը լավ հնարավորություն է իրանցի գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու համար։
Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների համար։
Կարծիքներ