ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին

ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ:

Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները և տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության և կիբեռանվտանգության ուղղություններով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:

Կարևորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում