Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը:
Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Նոյեմբերի 3-ին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black box) տեղի է ունեցել «Քո արվեստը դպրոցում» ծրագրի հերթական հանդիպումը: Երևանի 10 դպրոցների շուրջ 100 աշակերտներ հանդիպել են անվանի երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի հետ:
Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով. Վահագն Հայրապետյանը երեխաներին երաժշտական արվեստի վերաբերյալ տեսական գիտելիքներ է փոխանցել, ինչպես նաև հանդես եկել ջազային ստեղծագործությունների կատարումներով: Անվանի երաժիշտը երեխաներից հետաքրքրվել է սիրված և նախընտրելի երաժշտական ժանրերի, ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունների, երաժշտական գործիքների վերաբերյալ իմացության և պատկերացումների մասին: Երեխաները սիրով և հանգամանորեն պատասխանել և իրենց հուզող հարցերն են ուղղել սիրված երաժշտին:
«Մենք արվեստ ստեղծող, գնահատող, արվեստով ապրող ազգ ենք: Գուցե հենց դրա մեջ է նաև մեր ուժն ու զորությունը: Քանի որ ներշնչումը էներգիա և լույս է, մենք այն ստանում և վերադարձնում ենք հենց արվեստի միջոցով: Անկախ այն հանգամանքից, թե ինչ մասնագիտություն կընտրեք, երբեք չանտեսեք ստեղծագործելու ձեր ունակություններն ու շնորհները: Ականջալուր եղեք ձեր հոգու կանչին, ստեղծագործելու և արարելու մղումներին: Ամենևին կարևոր չէ, թե արվեստի որ ճյուղն է ձեզ հոգեհարազատ, կարևորը ձեր ստեղծագործելու ցանկությունն է, ինչին պետք է անպայմանորեն ընթացք տալ, ստեղծել, գնալ երազանքների և նպատակների հետևից: Ամենևին պարտադիր չէ, որ բոլորդ պրոֆեսիոնալ արվեստագետներ դառնաք. այսօր մեր համար անչափ կարևոր է ունենալ նաև գրագետ հանդիսատես: Դրա համար հաճախակի այցելեք դասական համերգների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, ընթերցեք հետաքրքիր և որակյալ գրքեր»,- հորդորել է երեխաներին Վահագն Հայրապետյանը և պատվիրել՝ երբեք չհանձնվել:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է Վահագն Հայրապետյանին, երեխաներին և ուսուցիչներին: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել անվանի երաժշտին հետաքրքիր և ուսուցողական դասաժամի համար, ինչը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել երեխաների կողմից և անշուշտ խոր հետք կթողնի նրանց գեղագիտական զարգացվածության գործում:
Տեղեկացնենք, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: 2023 թվականի ընթացքում «Քո արվեստը դպրոցում» ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արարատի մարզերում: Ծրագրին մասնակցել է 5000 աշակերտ՝ Երևանից և ՀՀ մարզերից:
Նշենք, որ Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականին Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինը: 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ կրկին կոմպոզիցիայի բաժին: 1996-2000 թվականներին Նյու Յորքում սովորել է ջազ երաժշտություն՝ մասնակցելով հայտնի երաժիշտ Բարրի Հարրիսի անհատական դասընթացներին:
Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ՝ Իգոր Բուտման, Դանիիլ Կրամեր, Էլվին Ջոնս, Բարրի Հարրիս և այլն։ Նոր Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Love for sale», «Trip to New Orleans», «Bop it up»: 1998-2020 թվականներին եղել է «Armenian Navy Band» խմբի դաշնակահարը։ 2005 թվականին հիմնել է «Կատուներ» երաժշտական հայտնի խումբը։ Վահագն Հայրապետյանը մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնցից են՝ «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը», «Շորն ու շորշորը», «Բարի լույս» և այլն:
1989 թվականին Վիլնյուսի ջազ փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի: 2013 թվականին ճանաչվել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգի հաղթող: 2008 թվականին Վահագն Հայրապետյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումը:
Կարծիքներ