Թրամփի շրջապատը նրան խորհուրդ է տվել պատրաստվել պարտությանը
Դոնալդ Թրամփի շրջապատը նրան խորհուրդ է տվել պատրաստվել այն բանին, որ նախագահական ընտրություններում պարտվել է։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Պետության գործող ղեկավարի խորհրդականները վերջին երկու օրերին նրա հետ քննարկել են ընտրություններում պարտության հեռանկարը եւ այն, թե նա ինչպես պետք է վարվի նման ելքի դեպքում։
Պարբերականը նշում է, որ Թրամփի շրջապատից ոմանք հանդես են գալիս այն բանի օգտին, որ նա կատարի հրապարակային հայտարարություններ՝ պարտավորվելով իշխանության խաղաղ փոխանցում, եթե Բայդենը հայտարարվի նախագահական ընտրությունների հաղթող։
Պարբերականը նշել է, որ պարտվելու դեպքում Թրամփը պարտությունը չի ճանաչի ավանդական ձեւաչափով՝ ունենալով «վեհանձն ու մեծահոգի ելույթ»։ Պարբերականի աղբյուրներից մեկը նաեւ պնդում է, որ նման ելույթի պատրաստումը չի քննարկվել։
«Եթե նա պարտվի, ապա իրենք սպասում են, որ Թրամփը կշարունակի անհիմն հայտարարել, որ ընտրությունները գողացվել են, ինչպես արդեն մի քանի օր շարունակ անում է»,- նշում է WP-ն։
Դրանից բացի, պարբերականի տեղեկություններով՝ ընտրությունների օրվանից հետո նախագահը խոստովանել է, որ իրեն ծանր մարտ է սպասվում։
Գործող նախագահի շրջապատը բնաժանվել է երկու ճամբարի։ Թրամփը եւ նրա ընտանիքը դեռեւս հաղթանակի հույս ունի եւ կարծում է, որ Թրամփը պետք է շարունակի պայքարը։ Երկրորդ խումբը, որը կազմված է նրա համախոհներից եւ Հանրապետական կուսակցության անդամներից, կարծում է, որ «նախագահությունը ձեռքից գրեթե բաց է թողնվել»։
Սակայն նրանք, որոնք համարում են, որ Բայդենի հաղթանակը կանխորոշված է, չգիտեն, թե այս լուրն ինչպես հայտնեն Թրամփին։
Կարծիքներ