Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը հարձակվել են Սիրիայի քրիստոնեական Սուկայլաբիա քաղաքի վրա

Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը հարձակվել են Սիրիայի քրիստոնեական Սուկայլաբիա քաղաքի վրա

Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը ուրբաթ հարձակվել են սիրիական Համա քաղաքի մերձակայքում գտնվող քրիստոնեական Սուկայլաբիա քաղաքի վրա՝ երկրի հյուսիսարեւմտյան շրջանում լարվածության աճի ֆոնին, հաղորդում է AMN-ը:

Ըստ քաղաքում գտնվող աղբյուրի՝ Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային-ազատագրական ճակատը հրթիռային եւ հրետանային գնդակոծությունների է ենթարկել քաղաքը եւ նրա արվարձանները, ինչը հանգեցրել է այդ տարածքում մի շարք պայթյունների:

Աղբյուրի խոսքով՝ հարձակման հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան՝ չնայած նրան, որ արկերն ընկել են Համայի քաղաքացիական բնակավայրերում:

Աղբյուրը հավելել է, որ Սիրիայի արաբական բանակը եւ Ազգային պաշտպանության ուժերը պատասխան հարված են հասցրել ապառազմականացված գոտուց հյուսիս ընկած մի շարք օբյեկտների:

Մինչ Սուկայլաբիայի վրա հարձակումը, ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել Սիրիական արաբական բանակի եւ Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային ազատագրական ճակատի միջեւ, որի հետեւանքով զոհվել են քաղաքացիական անձինք եւ վնասվել են Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող բնակելի եւ առեւտրային օբյեկտներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում