ԱՄՆ-ը սպառնացել է Ռուսաստանին պատասխանել «ոչ միայն պատժամիջոցներով»

ԱՄՆ-ը սպառնացել է Ռուսաստանին պատասխանել «ոչ միայն պատժամիջոցներով»

ԱՄՆ-ն սպառնացել է Ռուսաստանին պատասխան քայլով՝ իր ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների համար: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հավաստմամբ՝ պատասխանը կներառի ոչ միայն պատժամիջոցներ: Պատճառված վնասի մասշտաբները դեռ պարզվում են և հավանաբար կտևեն շաբաթներ, նրա խոսքերն է մեջբերել TАСС-ը:

«Պատասխանը կներառի տեսանելի և անտեսանելի գործիքների շարք: Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն լինելու», – ասել է Սալիվանը: Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ նոր վարչակազմը մտադիր է ապահովել, որ Ռուսաստանը պատասխանատու լինի «ամերիկյան ժողովրդավարությանը միջամտելու և Եվրոպայում քիմիական զենքով թունավորումների համար»: Նշել է, որ Մոսկվան պատասխանատու է նաև մի շարք կիբերհարձակումների և «շատ այլ բաների» համար:

Ավելի վաղ Պետդեպարտամենտում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կստիպի Մոսկվային վճարել իր գործողությունների համար: «Ես ՌԴ նախագահ Պուտինին հասկացրել եմ, որ ավարտվել են այն օրերը, երբ ԱՄՆ-ն ընկրկում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների՝ ընտրություններին միջամտելու, կիբերհարձակումների, քաղաքացիների թունավորումների առջև: Մենք չենք հապաղի պաշտպանելու մեր ժողովրդի կենսական շահերը և ստիպել Ռուսաստանին վճարել»,-զգուշացրել էր նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում