Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիսհարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։
Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։
Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։
Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվեց միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։
Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, որոնք իրենց պարզաբանումներով մեծապես աջակցեցին հանձնաժողովի աշխատանքներին:
Կարծիքներ