Բելառուսում մեկնարկել են Ուկրաինայի ու Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները
Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկուն, հայտնում են Գոմելում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկի մասին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
BBC-ն էլ գրում է, որ Մոսկվան և Կիևը «երկար վեճերից հետո» պայմանավորվել են բանակցությունները Բելառուսի սահմանին՝ Պրիպյատ գետի տարածքում, անցկացնելու շուրջ։ Սա արվել է՝ չեզոք գոտում հանդիպելու համար:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին։ Թե ո՞վ կներկայացնի Ուկրաինան բանակցություններում, դեռ հայտնի չէ։
Ըստ BBC-ի՝ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել այն փաստի համար, որ ուկրաինական պատվիրակության ճանապարհորդության, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան տեղում»,- հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակից։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Բանակցողների պաշտոնական պատվիրակության ղեկավարն է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ուկրաինական կողմը նախ՝ համաձայնել է Գոմելում բանակցություններին, իսկ հետո՝ պատվիրակություն չի ուղարկել։
«Նման ձևաչափն իսկապես քննարկվել է, սակայն վերջին պահին Ռուսաստանից բանակցողները պահանջել են, որ ուկրաինական բանակը նախ պետք է վայր դնի զենքերը»,- ի պատասխան ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը, ինչը հերքել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք՝ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։
Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չի եղել ռուսական կողմի հետ Մինսկում բանակցություններ վարելուն և նշել, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի որևէ քաղաք, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։ Որպես այլընտրանք՝ նա առաջարկել էր Բաքուն, Ստամբուլն ու ևս 2 այլ քաղաք:
Ռուս պատվիրակները հայտարարել էին, թե կսպասեն մինչև ժամը 15:00-ն (ՀՀ ժամանակով 16:00)՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, այնուհետև բանակցությունները տապալված կհամարվեն:
Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ունեցած հեռախոսազրույցից հետո, որ Ուկրաինան ի վերջո համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ Բելառուսի Գոմելի շրջանում:
Կարծիքներ