Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ. ինչ ներդրումներ են սպասվում

Գյումրիի «չոր նավահանգստից» մինչև Արարատի արդյունաբերական պարկ.  ինչ ներդրումներ են սպասվում

 Հայաստանում ներկայում ներդրումային մի քանի խոշոր նախագծեր աշխատանքների նախապատրաստական փուլում են։ Այդպիսի նախագծերից են Գյումրիի լոգիստիկ կենտրոնը (չոր նավահանգիստ) և Արարատի մարզի արդյունաբերական պարկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: 

-Պարոն Տերյան, Ձեր նշանակումից շատ ժամանակ չի անցել. որո՞նք են ամենակարևոր գործերը և անելիքները, ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր առջև և ինչպե՞ս եք պատրաստվում դրանք լուծել։

-Իմ կարծիքով, ցանկացած խնդրի լուծման համար, այդ թվում նաև՝ իմ առջև դրված խնդիրների, կարևոր է ցուցաբերել համակարգային մոտեցում: Անշուշտ, կան առաջնահերթություններ, որոնց վրա մենք հենվում ենք, հատկապես՝ հետճգնաժամային իրավիճակում դրանք ուղղված են մեր երկրի տնտեսության վերականգնմանը և զարգացմանը: 

Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ շնորհակալ եմ ցուցաբերած վստահության և այս ոլորտում իմ փորձը և գիտելիքները հայրենիքում ծառայեցնելու հնարավորության համար: Ինչ վերաբերում է իմ անմիջական գործունեությանը, ապա ես և իմ թիմը կենտրոնացած ենք ներդրումային մեծ նախագծերի վրա, որոնք ուղղված են երկարաժամկետ ազդեցություն ունենալուն և որոնց գլոբալ նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը: Այս համատեքստում մենք մեր առաքելությունն ենք համարում անդրադարձ կատարել նաև սոցիալ-մշակութային բաղադրիչներին: Մշակույթը, կրթությունը և տնտեսական զարգացումը անքակտելիորեն կապված են միմյանց, և դրա մասին չպետք է մոռանալ՝ հատկապես, երբ խոսքը խոշոր, հավակնոտ ծրագրերի մասին է:

-Էկոնոմիկայի նախարարը տարվա համար երկնիշ տնտեսական աճի ակնկալիք ունի. Ձեր կարծիքով` այդ հնարավոր աճի հիմնական մասը ո՞ր ոլորտի հաշվին է ապահովվելու: Թեև նախորդ տարին ամփոփեցինք 7.5 տոկոս տնտեսական անկմամբ, սակայն տնտեսության բոլոր ճյուղերից ամենաքիչ անկումը գրանցվել էր արդյունաբերության ոլորտում՝ 0.9 տոկոս, այս տարվա սկզբի արդյունքներով էլ արդյունաբերության ոլորտում ակտիվություն, աճ է նկատվում, նախ դա ինչի՞ արդյունք եք համարում և ի՞նչ եք կարծում տնտեսության աճին հիմնական նպաստող ոլորտը հենց արդյունաբերությո՞ւնը կլինի: Արդյունաբերության ավանդական հատվածներում գործող ձեռնարկությունների արդիականացման համար աջակցության տարբերակներ, խթանող ծրագրեր կա՞ն նախարարության օրակարգում:

-Կարող եմ ասել, որ 2020 թվականի մարտի համեմատ,  այս տարի գրանցվել է 3,8% աճ: Ցուցանիշը դրական է, ուստի՝ կարող ենք ասել, որ կհասնենք սպասվող արդյունքներին: Ակնհայտ պատճառներով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումը և լոքդաունի ավարտը մեծ ազդեցություն ունեցան ծառայությունների արդյունաբերության վրա, որն էլ ապահովեց առաջին եռամսյակում աճի ամենամեծ մասնաբաժինը:

Ինչ վերաբերում է ձեռնարկությունների  արդիականացման խթամանն ուղղված աջակցության ծրագրերին՝ ապա պետությունն, իր հերթին, այժմ առավելապես շահագրգռված է, որպեսզի  արդյունաբերության ավանդական ճյուղերն ակտիվ զարգանան և, օժանդակության ընթացող ծրագրերից զատ, մշակում է նաև աջակցության նոր ձևաչափեր:

-Կառավարության թիրախում էր տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են իրականացվել մինչև այժմ, ի՞նչ ընթացիկ միջոցառումներ կան:

-Այո, սա մեզ համար, իրոք, գերակա խնդիրներից մեկն է: Ինչպես, հավանաբար, գիտեք, մենք վերակազմավորել ենք «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի հիմնական խնդիրն է լինելու էլեկտրոնային հարթակների ստեղծումն՝ ուղղված  ներդրումների, բիզնեսի և թվային վերափոխումների աջակցությանը: Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք կկարողանանք քննարկել այս ուղղությամբ առաջընթացը։

-Հայաստանի տնտեսությունում վերջին շրջանում ներդրումները հիմնականում ո՞ր ոլորտում են կատարվում: Ի՞նչ խոշոր ներդրումային ծրագրեր կառանձնացնեք, որոնք կատարվել են վերջին ամիսներին, ի՞նչ նոր զգալի ներդրումային ծրագրեր են սպասվում առաջիկայում: 

-Ներկայումս մի քանի խոշոր նախագծեր  աշխատանքների նախապատրաստական փուլում են: Դրանցից կցանկանայի նշել Գյումրիի լոգիստիկ կենտրոնը (չոր նավահանգիստ) և Արարատի մարզի արդյունաբերական պարկը: Մենք բավականին ակտիվ զբաղվում ենք ոռոգման ջրի խնդիրներով՝ այս ոլորտ մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Նաև վերսկսել ենք Գյումրիի պատմական կենտրոնի` Կումայրիի զարգացման ծրագրերը: Թվարկածս ընդամենը աշխատանքի ընթացիկ ծրագրերի մի մասն է, և, ինչպես տեսնում եք, դրանք ընդգրկում են տնտեսության շատ տարբեր ոլորտներ:

 

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հետևեք մեզ նաև Տելեգրամում