Հայաստանի ՆԳՆ–ն ու Եվրոպոլը սերտացնում են համագործակցությունը
Հայաստանի խորհրդարանի վավերացմանը ներկայացվեց Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև փոխգործակցության մասին համաձայնագիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Այս համաձայնագիրը շատ կարևոր ներուժ ունեցող համաձայնագիր է Հայաստանի, հատկապես ՆԳՆ–ի համար: Այն միտված է կարևոր գործակալություններից մեկի՝ Եվրոպոլի հետ իրավապահ համակարգի շրջանակներում սերտ փոխգործակցություն հաստատելուն, որը բխում է դեռևս 2021 թվականին կնքված աշխատանքային համաձայնագրից»,–ասաց Սարգսյանը:
Աշխատանքային համաձայնագիրը նախատեսում է համագործակցության օրակարգ, որը ներառելու է մասնագիտական գիտելիքների, փորձի փոխանակում, ընդհանուր իրավիճակային զեկույցների, ռազմավարական վերլուծությունների իրականացում, քրեական գործերով գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, հանցագործության կանխարգելման բնագավառում մեթոդաբանության փոխանակումներ, նաև դասընթացների կազմակերպում:
Կարելի է նաև առանձին գործերով փոխգործակցության շրջանակում ստանալ խորհրդատվություն և աջակցություն: Ըստ փոխնախարարի՝ հանցավորության դեմ պայքարի, հանրային անվտանգության ոլորտում սա թույլ կտա էլ ավելի լայն գործիքակազմով հարաբերվել ԵՄ–ի և ԵՄ անդամ պետությունների հետ առանձին–առանձին և կարողանալ ունենալ նոր մոտեցումներ՝ ՀՀ–ում հանցավորության դեմ պայքարի շրջնակներում:
Համագործակցությունը միտված է հատկապես անդրսահմանային հանցավորության դեմ պայքարին՝ մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն, միգրանտների մաքսանենգություն, կիբերհանցավորություն, մարդկանց թրաֆիքինգ, փողերի լվացում և այլ ոլորտներ:
«Եվրոպոլի հետ համագործակցության շրջանակում կարևորվում է այն, որ մենք նշանակելու ենք կապի սպա, որը կներկայացնի ոչ միայն ՆԳՆ–ն, այլ միասնական իրավապահ համակարգը՝ Եվրոպոլի հետ համագործակցության շրջանակներում: Կապի սպայի նստավայրը կլինի Նիդերլանդներում՝ Հաագայում»,–նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ կլինի կապուղի:
Կարծիքներ