Ճապոնիայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Ճապոնիայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Ճապոնիայի կենտրոնական հատվածում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ փլատակներում գտնվողներին դուրս բերելու համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալության հրապարակումը։

7,6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Նոտոյի թերակղզում և դրա մերձակա շրջաններում, տեղի ժամանակով ժամը 16:10-ին՝ լայնածավալ ավերածությունների և հրդեհների պատճառ դառնալով։ Ստորգետնյա ցնցումներին հաջորդել են տասնյակ հետցնցումներ։ 

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Վաձիմա քաղաքը, որտեղ նաև 7-հարկանի շենք է փլուզվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի քան 200 շենքերում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են վերցվել։ 

Ճապոնական ծովում ցունամիի վտանգի մասին նախազգուշացումները հունվարի 2-ին արդեն չեղարկվել են:  

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է երկրի ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1000 անդամ։

ԱՄՆ-ն, Կանադան և Իտալիան աջակցություն են առաջարկել Ճապոնիային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում