Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահն անհրաժեշտ են համարել ԼՂ-ում միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների հանդիպմանը` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, խոչընդոտվում է ԼՂ մուտք ունեցող միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը, ինչի մասին ԿԽՄԿ-ն հայտարարեց հուլիսի 25-ին:
Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկանց համար հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ։
Կարծիքներ