Արդարադատության դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո. Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանը անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
«Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:
Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը:
Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ 2 ուղղությամբ անխափան տեղաշարժը:
Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ սա չափազանց կարևոր որոշում էր: Նա անդրադարձավ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:
«Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի ԼՂ, և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո
Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:
Մյուս կարևոր հանագամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ, նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն:
Միևնույն ժամանակ դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական, բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է ԼՂ-ում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը:
Կարծիքներ