Ոստիկանության բաժնում ենթադրյալ բռնության ենթարկված փաստաբանի դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանին ոստիկանության բաժնի ծառայողները և պարեկները ենթարկել են բռնության:
Տիգրանյանը, սակայն, այլ մանրամասներ չի հաղորդել, թե դեպքը կոնկրետ ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել և ե՞րբ: Խոսնակը հավելել է, որ վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ժամանակ ենթադրաբար առավել մանրամասն կներկայացնեն՝ ինչ է եղել:
ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հունիսի 7-ին նշյալ դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել՝ կրկին այլ մանրամասներ չհաղորդելով:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում հայտեց, որ փաստաբանինկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ-ի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Խոշտանգումը):
Նշենք, որ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ենթադրյալ բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է:
Կարծիքներ