Մարզադպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու գործը դատարանում է. ՔԿ

Մարզադպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու գործը դատարանում է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, 1990թ. հունվարից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը և կազմակերպության գույքի նկատմամբ իր լիազորություններն օգտագործելով, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով, յուրացրել է իրեն վստահված գույքը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ մարզադպրոցի տնօրենը, յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դիտավորությամբ, 2016թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ընկած ժամանակահատվածում որպես հավաքարար հրամանագրված անձի կողմից սահմանված կարգով աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը սահմանված կարգով չի հաշվառել:

Ավելին՝ շահադիտական նպատակով յուրաքանչյուր ամիս իր կողմից կազմվող աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ նշված աշխատակցի կողմից հիշյալ ժամանակահատվածում սահմանված կարգով աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որոնք վավերացրել է իր ստորագրությամբ:

Այնուհետև աշխատակցի հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս փոխանցել է դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը, որն աշխատակցի աշխատավարձի ստացման բանկային պլաստիկ քարտի միջոցով կանխիկացրել ու տնօրինել է անձամբ՝ այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելով խոշոր չափերով՝ ընդհանուր 1.098.819 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մարզադպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում