«Ամեն ինչ անելու ենք՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար». բռնցքամարտիկները վերջին մարզումներն են անցկացնում ԵԱ-ին ընդառաջ

«Ամեն ինչ անելու ենք՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար». բռնցքամարտիկները վերջին մարզումներն են անցկացնում ԵԱ-ին ընդառաջ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ շարունակում է վերջին մարզումներն անցկացնել Օլիմպավանում՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ:

Հավաքականի կազմում ընդգրկված 13 բռնցքամարտիկներն էլ լավ մարզավիճակում են և պատրաստ են Եվրոպայի առաջնությանը: Աշխարհի գործող փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ասում է՝ գիտակցում են հարազատ պատերի ներքո անցկացվող առաջնության պատասխանատվությունը և լրջորեն են մոտենում առաջիկա մրցմանը․ «Շատ պարտավորեցնող է այն, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Երևանում: Ամեն ինչ պետք է անենք՝ լավ հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Լավ մարզավիճակում ենք գտնվում»։

Չալոյանի խոսքով՝ մրցաշարը բավականին բարդ է լինելու, բայց իրենք պայքարելու են՝ լավագույնս հանդես գալու համար:

Գյումրեցի բռնցքամարտիկը նշում է՝ շատ բան է կախված նաև երկրպագուներից, և իրենք շնորհակալ կլինեն աջակցության համար:

Հիշեցնենք՝ բացի Չալոյանից, մեր թիմի կազմում Եվրոպայի առաջնությանը հանդես կգան նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը մայիսի 21-31-ը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին: Առաջնության տոմսերն արդեն վաճառքում են: Դրանք հնարավոր է ձեռք բերել ticketon կայքից։ 

Տոմսերն արժեն 2000-10000 դրամ։    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում