ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել տրանսգենդեր անձին կյանքից զրկելու դեպքի առնչությամբ

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել տրանսգենդեր անձին կյանքից զրկելու դեպքի առնչությամբ

Պարզվել են Երևան քաղաքի 28-ամյա բնակչի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքից առաջ տուժողի և վերջինիս ծանոթ, Արմավիրի մարզի 26-ամյա բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, նախնական տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս, Երևանի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև հրկիզել է բնակարանը և դեպքի վայրից հեռացել:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննության ընթացքում, ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում