Հնարավոր է՝ Գերմանիան մտցնի շնչադիմակների պարտադիր կրում
Գերմանիայի իշխանությունները քննարկում են FFP2 դասի մասնագիտական շնչադիմակների պարտադիր կրում մտցնելու հնարավորությունը: Bild պարբերականը հայտնել է, որ հունվարի 18-ից նման միջոցն արդեն գործում է Բավարիայի խանութներում եւ հանրային տրանսպորտում:
Պարբերականի տեղեկություններով՝ երկրի ամբողջ տարածքում շնչադիմակների պարտադիր կրման մասին որոշումը կարող է ընդունվել երեքշաբթի: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դաշնային հողերի ղեկավարների հետ կքննարկի նաեւ կորոնավիրուսի նոր շտամների պատճառով այլ միջոցների խստացումը. մասնավորապես քննարկվում է պարետային ժամի սահմանման հնարավորությունը, հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը, որտեղ հնարավոր է՝ ձեռնարկությունների աշխատողների հեռավար աշխատանքի անցումը:
Գերմանիայում դեկտեմբերի 16-ից գործում են խիստ կարանտինային միջոցառումներ: Փակված են առեւտրի բոլոր կետերը, բացի մթերային, տնտեսական եւ մի քանի այլ խանութներից, որոնք վաճառում են կենսականորեն անհրաժեշտ ապրանքներ: Չեն աշխատում վարսահարդարման սրահները, թանգարանները, թատրոնները, կոսմետիկայի սրահները, աշակերտները հեռավար են ուսանում:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն ավելի վաղ բնակչությանը խորհուրդ էր տվել հանրային վայրերում սովորական բժշկական դիմակների փոխարեն կրել FFP2 դասի մասնագիտական շնչադիմակներ, հայտարարել էր կողմնակի անձանցից նվազագույն հեռավորությունը մինչեւ 2 մետր մեծացնելու մասին եւ գործատուներին կոչ էր արել առավելագույն թվով աշխատակիցների փոխանցել աշխատանքի հեռավար ռեժիմի:
Կարծիքներ