«Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել». Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է Սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի շրջանավարտների առաջնային մասնագիտական հմտությունն է:
«Սոցիոլոգիայի հիմքում մտածելու և վերլուծելու կարողությունների զարգացման կարևոր գաղափարներն են, որոնք այժմ նաև կրթական համակարգի ընդհանուր բարեփոխման հիմքում են դրվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ոչ թե գնալ տարբեր տեղեկությունների ու փաստերի հավաքագրման հետևից, այլ աշխատել վերլուծական մտքի զարգացման ուղղությամբ, որոնք հետագայում կյանքի տարբեր իրավիճակներում օգնելու են ճիշտ որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել:
ԿԳՄՍ նախարարի խոսքով, որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, ուրախությամբ և հարազատության զգացումներով է վերադարձել Սոցիոլոգիայի ֆակուլտետ. «Մեզ կապում է հասարակական գործընթացները հասկանալու և վերլուծելու կարևորության համատեղ գիտակցումը: Մեր ժամանակներում, երբ խոսում ենք գիտության զարգացման մասին, առաջին հերթին անդրադառնում ենք բնագիտական ուղղություններին, ճշգրիտ գիտություններին ու տեխնոլոգիական զարգացմանը, բայց հենց սոցիոլոգիան է, որը թույլ է տալիս հասկանալ, որ իրականում առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել: Մեր պատասխանատվությունն է՝ հասարակագիտական վերլուծության միջոցով ցույց տալ բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել և լուծման ճանապարհներ առաջարկել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու այս համատեքստում կարևորել սոցիոլոգիական ազնվությունը՝ խնդիրների մասին բաց խոսելու և առանց տաբուների քննարկումներ նախաձեռնելու առումով:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանում սոցիոլոգիան խուսափել է ետխորհրդային սոցիոլոգիայի ամենավատ միտումներից:
«Ներդրվել են ամուր հիմքեր, որոնք պետք է պահել, զարգացնել և առաջ տանել: Այստեղ ձևավորված միջավայրը, ավանդույթներն ու ազատամտությունը շատ կարևոր արժեքներ են, որոնք պետք է ամեն կերպ խրախուսել և զարգացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հույս հայտնել՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները նորանոր հաջողություններ կգրանցեն ամենատարբեր հարթակներում:
Նշենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակի շրջանակում ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ԵՊՀ և հրավիրյալ բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության, ինքնության ճգնաժամի և արժեքների փոխակերպման հարցերին:
Կարծիքներ