3.2 մլրդ դրամ` երևանյան հանգստի գոտիները վերակառուցելու համար. քաղաքապետն այցելել է բարեկարգվող տարածքներ

3.2 մլրդ դրամ` երևանյան հանգստի գոտիները վերակառուցելու համար. քաղաքապետն այցելել է բարեկարգվող տարածքներ

Մայրաքաղաքի ինքնատիպ միջավայրն ընդգծող երևանյան հանգստի գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով քաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է այգիների և պուրակների բարեկարգման գործընթացը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուների ուղեցությամբ այցելել է շինհրապարակներ, տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել, ծրագիրն օրվա պահանջ էր:

«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները՝ հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին:

Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով առանձնացող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում լիարժեք հանգստի հարմարավետ պայմաններ կստեղծվեն: Հաշվի առնելով ներդրումների ծավալը՝ ծրագրի ավարտ է նախանշվում 2023 թվականը:

«Մեր գլխավոր խնդիրն է՝ վերականգնել Խորհրդային Միության տարիներին կառուցված այս հուշարձանի նախկին տեսքը՝ շատրվանային համալիրի նույն ծավալով: Շատրվանները քաղաքը հովացնելու գործառույթ ունեն, և փորձելու ենք ջրատեխնիկական մասն այնպես կազմակերպել, որ ունենանք նույն ծավալի ջրթողում, որքան եղել է Խորհրդային Միության տարիներին»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև այգու հարակից Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշահամալիրը՝ քաղաքապետի հանձնարարությամբ կիրականացվեն նախագծման աշխատանքներ:

«Մինչև 2023 թ. ավարտը կամ 2024 թ. գարուն՝ այդ հատվածը ևս ամբողջությամբ կավարտենք: Քաղաքում կունենանք ևս մեկ հարմարավետ միջավայր, որտեղ քաղաքացիների համար լավ ժամանցի տեղ կլինի: Կցանկանամ, որ յուրաքանչյուրս հոգ տանենք քաղաքի մասին, չաղտոտենք, քանի որ բոլոր այն ֆինանսական միջոցները, որոնք ծախսվում են հանրային վայրերի բարեկարգման համար, մեր քաղաքացիների վճարած հարկերից է, և դրանք պետք է արդյունավետ կառավարենք, որպեսզի կարողանանք այն բազում խնդիրները, որոնք ծառացած են Երևանի առաջ, լուծել»,- ընդգծում է քաղաքապետը:

Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:

Տասնամյակներ շարունակ սպասարկման ու խնամքի բացակայությունը հետք է թողել նաև մայրաքաղաքի սրտում գտնվող այգիներում ու պուրակներում: Համայնքը վերակառուցման աշխատանքներ կիրականացնի նաև Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում:

Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այստեղ խնդիրը մի փոքր այլ է. այգու զգալի հատվածը տնօրինում է վարձակալը:

«Տարածքը վարձակալությամբ է տրվել տասնյակ տարիներ առաջ, և վարձակալը որոշել է ինչ-որ աշխատանքներ կատարել: Ցանկանում եմ ասել, որ եթե որևէ տարածքի վարձակալ, երբ որոշում է քաղաքի պուրակներում կամ այգիներում կանաչապատում իրականացնել, պետք է տարածքի կառուցապատման, կանաչապատման նախագիծը համաձայնեցնի մեզ հետ: Մեր կազմակերպությունը ստեղծվել է հենց նրա համար, որ ամբողջ քաղաքն ունենա մեկ ձեռագիր: Կազմակերպությունն իր կողմից պատրաստ է նույնիսկ գծել և վարձակալին հանձնել համապատասխան նախագիծ, որ գրագետ կանաչապատում արվի: Այստեղ կա նաև ոռոգման խնդիր, և մենք պատրաստ ենք օժանդակել ու ոռոգման ավտոմատացված համակարգ ներդնել»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

«Կարծում եմ, որ համատեղ կկարողանանք այդ տարածքը բարեկարգել՝ լավ միջավայր ստեղծելով մեր համաքաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Տեղեր կան, որ մասնավորն ավելի լավ է պահպանում, և շատ դեպքերում դա մասնավոր հատվածի պարտականությունն է, տեղեր ունենք, որ համայնքն է լավ կանաչապատել, և այդ օրինակներից մեկը Սարյանի պուրակն է, որտեղ համալիր լուծում է տրված. բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, ոռոգման ցանց է անցկացվել, կանաչապատման խնդիրներն են լուծվել: Նախատեսում ենք, որ քաղաքի կենտրոնում գտնվող Կոնսերվատորիայի հարակից այգին նույնպես կբարեկարգենք: Ընդհանուր առմամբ՝ բոլոր այգիները պետք է բարեկարգենք»,- նշում է քաղաքապետը:

«Հանգստի գոտիների հիմնանորոգում, նոր հանգստի գոտիների կառուցում հոդվածով այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է 1.2 մլրդ դրամ: Նաև բակային տարածքների հիմնանորոգման համար է մեծ գումար հատկացված՝ մոտ 2 մլրդ դրամ: Ընթացիկ տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսված կանաչապատ տարածքներն ավելացնելու և քաղաքն առավել հարմարավետ դարձելու համար»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Քաղաքային իշխանության ուղենիշն է՝ Երևանը դարձնել հարմարավետ կենսամիջավայր: Բոլոր նախաձեռնությունների մեկնարկը տրված է, իսկ ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում