Շուտով կբարելավվի ջրամատակարարումը ՀՀ մի քանի բնակավայրերում
«Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մեկնարկած ծրագրի արդյունքում առաջիկայում զգալիորեն կբարելավվի Արագածոտնի մարզի Կոշ, Շամիրամ, Ուջան, Նոր Եդեսիա, Արագածոտն և Ագարակ համայնքների, ինչպես նաև Էջմիածին քաղաքի ու հարակից որոշ բնակավայրերի ջրամատակարարումը: Այս մասին ֆեյբուքի իր էջում հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Ղազարավան» ջրաղբյուրից սկիզբ առնող 500մմ տրամագծով խողովակաշարի մի հատված անցնում է ճահճուտներով, որի աղի ջուրն անցած քառասուն տարիներին լիովին քայքայել է մետաղը: Այդ պատճառով խողովակաշարով հոսող վայրկյանում 170 լիտր ջրի զգալի մասը կորչում է: Ավելին՝ աղբյուրից մղվող ջրաքանակն էլ ավելացնել հնարավոր չէ, որովհետև ջրատարը չի դիմանում ճնշմանը․ վթարները հաճախակի են հատկապես ամռանը:
Խնդրի լուծման նպատակով անցյալ տարի այստեղ փոխարինվեց 400 գծամետր խողովակաշար: Ներկայում «Աշտարակ» շահագործման տեղամասը սկսել է հաջորդ 700 մետրանոց հատվածի փոխարինումը: Աղակալած ջրերի նկատմամբ ավելի դիմացկուն պոլիէթիլենե խողովակների փոխարինման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են և կավարտվեն շուրջ մեկ ամսից:
Կարծիքներ